ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Խաչատուր Աբովյանի գրական և հասարակական գործունեությունը հանրահայտ է, ինչը չի կարելի ասել նրա անձնական կյանքի մասին: Եղել են լուրջ ուսումնասիրություններ, բայց և այնպես մեծ լուսավորչի կերպարի դափնիները միշտ էլ ստվերել են նրա զգացական աշխարհի ամենախոր անկյունները` անծանոթ թողնելով գեղեցկատես երիտասարդի հույզերի, գայթակղությունների, հրապուրանքների ու սերերի այն մեծ ու փոքր բռնկումները, որոնցով պիտի ամբողջանար նրա մարդկային նկարագիրը, և Աբովյանը մեզ պիտի ներկայանար գուցե բոլորովին ուրիշ, սակայն շատ ավելի հոգեհարազատ ու անմիջական պատկերով:

 

Այս առումով առանձնապես հետաքրքրական է գրողի կյանքի դորպատյան շրջանը: Նահապետական Քանաքեռից քաղաքակիրթ Եվրոպայի ճիշտ կենտրոնում հայտնված Աբովյանի համար հայտնության պես մի բան էր այն աշխարհը, որտեղ գերիշխում էր զգացմունքների ազատությունը, որտեղ հարաբերությունները ծնվում ու փթթում էին առանց տագնապների, որտեղ անկարելին կարելի էր դառնում, եթե սիրտն այդպես էր ուզում: Եվ վարակված այդ թեթևությամբ, նրա հոգում և մարմնում արթնանում էին կաշկանդված գրգիռները, նա իրեն նետում էր մղումների հորձանուտը` արբենալով ու տրվելով վայելքին, ճաշակելով արգելված պտուղը, լինելով մերթ գայթակղված, մերթ գայթակող:

Թռուցիկ, ժլատ, երբեն էլ անորոշության մշուշով պատված պատառիկներ են մեզ հասել Աբովյանի սիրային «դեգերումներից»: Բայց նույնիսկ այդ հպանցիկ ուրվանկարն էլ բավական է տեսնելու և զգալու, թե ապրումների ինչպիսի վերելքների ու անկումների միջով է անցել երիտասարդ գրողը…

 

Դորպատ հասնելու հենց առաջին շաբաթներին` 1830-ի աշնանը նա ծանոթանում է Յուլիե Կրաուզեի հետ: Աղջիկը Աբովյանի հովանավոր պրոֆեսոր Պարրոտի կնոջ քույրն էր: Այդ տասնութամյա օրիորդը, որն, ըստ վկայությունների, առանձնապես հրապուրիչ արտաքին չուներ, Աբովյանին գերում է իր անկեղծ անմիջականությամբ, ազատ ու կենսախինդ պահվածքով: Նրանք այնքան են մտերմնում, որ մեկ տարի անց, երբ հարկադրված էին բաժանվել, այդ անջատումը խորը կսկիծ է պատճառում երկուստեք: «Իմ սիրտը ամենևին չէր ցանկանում բաժանվել նրանից, բայց հարկադրաբար բաժանվեցինք… Եվ ինձ, և նրա համար ցավալի էր այս բաժանումը»,- խոստովանում է Աբովյանը: Իսկ հետո, երբ կրկին հանդիպում են, կյանքը վերստին իմաստ է ձեռք բերում: «Եվ ահա ձյան նման հայտնվում է աղավնակերպ սպիտակազգեստ օրիորդը. համեստափայլ ժպիտը ճառագայթում էր նրա շուրթերից… Օհ, երանի թե  իմ ականջներին մշտապես հնչեին նրա այս մեղրահամ խոսքերը»,- իր օրագրում պիտի գրեր Աբովյանը: Տանեցիները` նկատելով խորացող կապը, այլևս ոչ թե խոչընդոտում էին, ինչպես առաջին օրերին, այլ հաշտվելով իրողության հետ` սկսում են փոքրիկ խորամանկություններով օգնել նրանց: 1832 թ. հունվարի 1-ից  Պարրոտը և տիկինը հատուկ դիտումով կարգ են սահմանում, որ ճաշի ժամանակ Աբովյանը նստեր Յուլիեի կողքին ( մինչ այդ նրա մշտական տեղը Պարրոտի կողքին էր): «Հավանաբար սա դիտավորյալ են արել, քանի որ առավել քաղցր օրիորդի մերձավորությունը կմեղմացնի իմ բիրտ բարքը, և, հիրավի, սա է այն միակ միջոցը, որով մարդ կարող է մեղմացնել իր սովորույթները, քանի որ որքան իր բարեկամությամբ ու ծանոթությամբ  մոտենա կանանց սեռին, այնքան կկրթվեն, պատվական կդառնան նրա բարքերը: Ես այս փորձառությունը վաղուց ունեմ»,- կատարվածն այսպես էր բացատրում (կամ գուցե արդարացնում) Աբովյանը: Նրանց մտերմությունը պիտի ձգվեր մինչև 1936 թ: Աբովյանը և Յուլիեն հրաժեշտ տվեցին միմյանց` որպես քույր և եղբայր մնալու խոստումով…

 

Սիրային մեկ այլ արկած էլ ծնունդ առավ այն օրերին, երբ Աբովյանը Դորպատում սենյակ վարձեց ռուս սարկավագ Վասիլի Սեմյոնիչի տանը: Շատ չանցած` նրան հրապուրեց սարկավագի քենին` Օլգային: Բարեբախտաբար, այս սիրավեպը կարճ տևեց: Հետո, երբ նա արդեն տեղափոխվել էր ուրիշ բնակարան, ժպիտով էր հիշում այդ «հիմարությունը»:

 

Հաջորդը օրիորդ Ադելաիդե Էրդմանն էր` պրոֆեսոր Էրդմանի դուստրը, ում տանը Աբովյանին հաճախ էին հրավիրում: Պատմում են, թե աղջիկն այնքան գեղեցիկ է եղել, որ մշտապես շրջապատված էր բազում երկրպագուներով, իսկ նրանցից մեկը նույնիսկ ինքնասպան էր եղել անպատասխան սիրո պատճառով: Աբովյանի բախտը բերեց, քանի որ նրանց սերը փոխադարձ էր ու խորը: Մի ինչ-որ պահի նա նույնիսկ լրջորեն սկսեց մտածել ամուսնության և Ադելաիդեին իր հետ Հայաստան տանելու մասին, ծանր ապրումներ էր ունենում այն երկյուղներից, թե գերմանուհին կմերժի իր առաջարկը` չցանկանալով մեկնել հեռավոր ու անծանոթ մի երկիր: Սակայն որքան մեծ պիտի լիներ նրա զարմանքը, որ երբ Ադելաիդեին հայտնեց իր մտադրության մասին, աղջիկը նրան պատասխանեց. «Որտեղ տղամարդն է, այնտեղ էլ կնոջ հայրենիքն է»:

 

Ցավոք, երջանիկ զույգին վիճակված չէր իրականություն դարձնել իրենց երազը: Բուռն սերը ցավալի վերջաբան ունեցավ. հարաբերությունները խզվեցին, Ադելաիդեն ամուսնացավ մեկ ուրիշի հետ`թողնելով Աբովյանին փշրված սրտով ու մոխրացած հույսերով: Ծանր էր այդ կորուստը: Միայն թե սերը դեռ երկար պիտի ապրեր: Ու երբ տարիներ հետո Աբովյանն աղջիկ ունեցավ, նրան կոչեց Ադելաիդե…

 

Իսկ մինչ այդ մի գայթակղությունը հաջորդում էր մյուսին: 1831-ի ամառը Աբովյանին նոր հրապուրանք բերեց: Դա գիմնազիայի մաթեմատիկայի ուսուցչի դուստրն էր` Յուլիե Դորոթեա Սոկոլովսկին` Յուլիե 2-րդը: Աղջկա ընտանիքն ապրում էր հենց գիմնազիայի շենքում, և Աբովյանը հաճախ էր այցելում նրանց, որտեղ նշանավոր լեզվաբան Ֆ. Յ. Վիդեմանին հայերեն դասեր էր տալիս:  Հափշտակությունն այնքան ուժգին էր, որ Աբովյանը սկսեց փախչել դասերից, որպեսզի աղջկան ժամ առաջ տեսնի: Նրանց կյանքում անմոռաց պիտի մնար 1832-ի ամառը, Միտավայում: Այստեղ երկուսով էին, սիրո վայելքն անսահման էր, թռչող ժամանակը` հեքիաթային: Երկու երջանիկները դեռ չգիտեին, որ դա իրենց վերջին հանդիպումն էր:

 

Դժվար է ասել, թե այս կապն ինչու խզվեց, ինչ ելևէջներ էին, որ կասեցրեցին ընթացքը, սակայն պահպանվել է Յուլիեի հրաժեշտի նամակը` գրված 1836 թ հունվարին` Աբովյանի` հայրենիք վերադանալու օրերին: Յուլիեն գրում էր. «Հնարավոր է, որ դժվարին կոչումը, որին Դուք, սիրելի Աբովյան, ընդառաջ եք գնում, ցույց չտա Ձեզ Ձեր ապագան պայծառ լույսերի մեջ, հնարավոր է, որ մեծ լինի ցավը, որն զգում եք Դուք` թողնելով Ձեզ համար Հայրենիք դարձած օտար երկիրը, սակայն այնուամենայնիվ այն միտքը, թե Ձեր բարեկամների ոգիները ճախրելու են Ձեր շուրջը նաև հեռվում, կսփոփի և կհանգստացնի Ձեզ և կթեթևացնի Ձեզ համար բաժանումը, որը վաղ թե ուշ անխուսափելիորեն պետք է տեղի ունենար:

 

Թող Ձեր բոլոր բարեկամների սիրո և հարգանքի գիտակցությունը… սիրելի Աբովյան, ուրախացնի Ձեզ մենության ժամերին և միաժամանակ հավատացնի Ձեզ, որ շատ հաճախ և հաճույքով կմտածի Ձեր մասին Ձեր բարեկամուհին:

 

Յուլիե Սոկոլովսկի

 

Դորպատ, 14 հունվարի, 1836»:

 

Տունդարձի ճանապարհին  Աբովյանը Մոսկվայում  կանգ առնելուն պես իր առաջին նամակներից մեկը գրեց է հենց նրան…

 

Բայց սա դեռ բոլորը չէր: Կար նաև շոտլանդուհի տիկին Աննա Ֆրիդլենդերը, խիստ տարբեր Աբովյանի մյուս մտերմուհիներից, քանի որ այդ կինը ոչ միայն շրջահայաց էր, այլև կարողանում էր զսպել իր հույզերը` նույնն էլ հարկադրելով Աբովյանին: Ի նշան իրենց լուռ, կաշկանդված կապի, Աննան Աբովյանին նվիրեց մի թանկարժեք կնիք: Կնիքի վրա փորագրված էր. «Բարի է ամենայն իր, եթե վախճանն է բարի»: Այս խոսքերը նրանց պարագայում տեղին էին: Այդ կնիքը ասես զմռսել էր զգացմունքների դուռը` կասեցնելով հորձանքի ընթացքը: Եվ գուցե նաև դա էր պատճառը, որ նույն օրերին Աբովյանը մխիթարություն էր գտնում մեկ այլ` ավելի մատչելի օրիորդի մոտ, որի անունն էր Կարոլինե ֆոն Շվեբս: Աղջիկը լավ ձայն ուներ, հրաշալի դաշնամուր էր նվագում և կարողանում էր երաժտությամբ համեմել իր սիրախաղը: Կարոլինեին է նվիրված Աբովյանի «Օրիորդն ֆօն Շվէբս ի վերայ երգեհոնի» բանաստեղծությունը:

 

Իսկ հետո վրա հասավ մեկ այլ արկած և մեկ այլ հրապուրանք: Մի անգամ Աբովյանը որոշեց մեկնել ուղևորության: Նրա ընկերը` Թեոդոր Գրասն ապրում էր Ռիգայում, և Աբովյանը հյուր գնաց նրան` Պոնիմուն կալվածքը: Այդ ընտանիքում ապրում էր Շարլոտե Շուլցը, ով Գրասների ընտանիքի հոգեզավակն էր: Թե ինչպես նրանք մտերմացան ու թե ինչպես մտերմությունը վերածվեց սիրո, նույնիսկ զույգի համար էր անբացատրելի: Սակայն զգացմունքներն անկեղծ էին, հյուսվող թելերը` վստահելի ու ամուր: Նրանք թափառում էին շրջակա դաշտերում, գնում դիտելու լիտվացի գեղջուկների  հանդեսները, Շարլոտեն նրան նույնիսկ պարել սովորեցրեց: Իսկ երբ եկավ հրաժեշտի պահը, աղջիկը Աբովյանի համար թղթից մանրանկար ծաղիկներ կտրատեց` կենտրոնում դնելով հույսի խորհրդանիշը` խարիսխը: Դա ներքևում նա գրել էր այս տողերը. «Մի բողոքիր երջանկության չնչինությունից, ոչ մի վերք հավիտյան չի ցավում…»: Աբովյանից իբրև հիշատակ ստացավ նրա մազերից մի փունջ:

 

Համաձայն Աբովյանի օրագրային գրառումների, նրանց վերստին վիճակված էր հանդիպել: 1833 թ. հուլիսի 8-ին նա գրել է. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ ժամերից մեկն էր, որ վայելեցի: Բազում գեղեցիկ օրիորդներ եմ տեսել ես, բայց սրա համեստությունը, քնքույշ սիրտը, հոգու ազնվությունը, հեզ ու պարկեշտ բարքը ամբողջությամբ գրավել էին իմ հոգին: Ես վերցնելով ձեռքը` առաջնորդեցի նրան. իմ բոլոր երակներում եռում էր սեր և կրկին սեր. երկինքը և ողջ շրջակայքը թվում էին ներդաշնակված մեր ներքին զգայությունների հետ: Ախ, մենք սիրում էինք իրար… Ախ, եթե դառն օրհասը չմիավորի մեզ, անմոռաց կմնան այս օրն ու այս ժամը, որ հրեշտակի պես մաքուր հոգին ինձ սրտի ցավ պատճառեց»:

 

Շառլոտեին նա դեռ շատ երկար էր հիշելու` վերհուշն ու հոգի կսկիծը թաղելով բանաստեղծական տողերի մեջ. «Սերն է, որ պահում է բոլոր արարածներին, Փառք սիրո թագուհուն, ամենայն պատիվ…»: Իսկ երբ Հայաստան էր վերադառնում, Շառլոտեից հրաժեշտի թերթիկ ստացավ: Ծրարի մեջ դաշտալին ծաղիկներից հյուսված մի պսակ էր ու բանաստեղծություններ:

 

Բայց ժամանակը հոսում էր` ջնջելով անցնող օրերի շղթան և բերելով նոր տպավորություններ: Աբովյանը թվում է, թե դիմադրում էր այդ ընթացքին, միայն թե նրա դիմադարձումը թույլ էր, իսկ գայթակղություններն` ուժգին: Երբ ուսանողական ընկերոջ` Մաքսիմելիան Հերմանի հրավերով մեկնեց նրա հայրենի կալվածը` Ֆրիդրիխսհոֆ ու մնաց մոտ մեկ ամիս, այստեղ էլ մտերմացավ Հերմանի քրոջ` Հելենի հետ: Վերադարձավ Դորպատ, սակայն մի քանի օր անց կրկին մեկնեց այնտեղ ու 4 օր անցկացրեց Հելենի մոտ:

 

Այնուհետև ուղևորվեց Ռիգա ու ծանոթացավ մի օրիորդի` Ռոզալիե Վալցի հետ: Բայց Ռիգան նրա համար ուրիշ անակնկալներ էլ ուներ: Օրինակ, «Բեքաս» իջևանատունը, որտեղ հարբած աղջիկներ ու կանայք անցվորներին գինի ու օղի են բաժանում և կիսում էի նրանց հետ իրենց տռփանքը: Հիասթափված Աբովյանը հետո իր ծոցատետրում պիտի գրեր. «Ինչ ազնվագույն են մեր կանայք, զի նրանց չի արտոնվում կյանքի այսպիսի եղանակը»:

 

Այս հիասթափությունը, ցավոք, ոչ առաջինն էր ու ոչ վերջինը: Նա չի մոռանալու թե ինչպես մի կարճ ժամանակ մտերմություն արեց Սոֆյա անունով օրիորդի հետ, բայց հետո վրա հասավ զղջումի պահը, երբ մի անգամ անակնկալ հանդիպեց նրան ինչ-որ ուսանողի հետ համբուրվելիս:

 

Ահա այսպես գլորվեցին Խաչատրուր Աբովյանի` Դորպատում անցկացրած տարիները: Երիտասարդ արյան եռքը դադար էր  ուզում, և այդ իմաստով նրա վերադարձը բարերար ազդեցություն ունեցավ: Միայն թե հայրենիքում ու Թիֆլիսում էլ նա ստիպված էր բոլորովին այլ «վարարումների» առաջ պատվարներ դնել: Այդ տհաճ իրավիճակի մասին նա բավականին խոսուն գրառումներ է թողել` պատմելով, թե ինչպես էին իրեն հալածում մուցիքուլները` փորձելով ամուսնացնել այս կամ այն օրիորդի հետ ու խոստանալով մեծ օժիտ. «Հազիվ մի քանի շաբաթ էր անցել Թիֆլիս գալուց հետո,- գրում է Աբովյանը,- երբ անսպասելի ինձ այցելության եկան պառավ կանայք, իսկ երկու անգամ էլ` քահանաներ: Ես շատ լավ տեսնում էի, թե ինչ է նշանակում այդ բոլորը, և դրա համար էլ համառ կերպով մերժեցի նրանց հորդորանքները` պատճառաբանելով, որ ես հաստատապես վճռել եմ չամուսնանալ, եթե ինձ տալու լինեն անգամ իշխանադուստրեր և տասը հազար արծաթ ռուբլի էլ հետը»:

 

Իշխանադուստր ու արծաթ նրան ոչ ոք չտվեց, փոխարենը հանդիպեց Էմիլյային: Լոոզե Էմիլյան ծնունդով Տալինից էր: Զրկվելով ծնողներից, նա տեղափոխվել էր Թիֆլիս: Սիրահարված Աբովյանը խնդրեց աղջկա ձեռքը: 1938 թ. սեպտեմբերին Էմիլյան ու Աբովյանը պաշտոնապես նշանվեցին, իսկ մեկ տարի անց ամուսնացան: Աբովյանը սիրում էր կրկնել, որ իր լյութերադավան կինը «բարեբարոյությամբ ու պարկեշտությամբ կարող է զարդ լինել ամեն ընտանիքի»: 1840-ի մայիսին ծնվեց նրանց որդին` Վարդանը: Աբովյանը հավատարիմ ու սիրող ընտանիքի հայր էր: Երիտասարդական խենթությունները մոռացության էին տրված: Բայց արդյո՞ք մեկընդմիշտ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s